ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               

Հենց այս օրը պետք է ջնջենք թշնամու օրացույցից մեր միասնությամբ

Հենց այս օրը պետք է ջնջենք թշնամու օրացույցից մեր միասնությամբ
09.11.2024 | 10:54

Ամենաանհույս, ամենաամոթալի, ամենալքված, ամենաստորացուցիչ, ամենաչապրելու օրն էր 2020-ի նոյեմբերի 9-ը։

Այդ օրվանից այլևս ինձ համարում էի այս աշխարհում անիմաստ ապրած մարդ, ում ժամանակաշրջանում թշնամին հաղթանակ ունեցավ։ Նույնիսկ ինքս ինձանից փախչելու որոշում կայացրեցի, որ Հայրենիքին թողնեմ ու հեռանամ, որ մի այնպիսի տեղ գնամ, որտեղ չեն հիշեցնի, որ ես հայ եմ:

Մի քանի ժամում ճերմակեցին մազերս, կնճիռներ հայտնվեցին հերիք չի, ժամ առ ժամ ակոսները խորանում էին:

Պետք է երեխաներիս մոտ ինձ ուժեղ ցույց տայի, պետք է դեր խաղայի, որը շատ դժվար էր: Հայրենիքից հեռանալու որոշմանս մասին առաջինը հայտնեցի ընկերոջս, ով մի նախադասությամբ փոխեց ամեն ինչ։ Ասաց՝ Հայրենիքը հիմա կարիք ունի քո նմանին, բանակը կարիք ունի քո նմանին, եթե այս նեղության պահին թողնում ես մենակ Հայրենիքին, ուրեմն այն բոլոր արածներդ ոչինչ էին․․․

Հիմա ամոթով եմ հիշում, որ նման բան եմ մտածել։ Շատ ծանր սթրեսը միայնակ չէի կարող հաղթահարել, այս անգամ մյուս ընկերս օգնության հասավ Դուբայից․․․ Անգնահատելի էր նրա արածը, որ հոգեբանորեն ինձ կրկին վերադարձրեց կյանք, նա ևս եկավ ու մասնակցեց պատերազմին, տեսել էր իմ ապրումները ու շատ լավ հասկանալով , որ ինքս իմ մեջ ներքաշվելով կհամալրեմ այն մարդկանց շարքերը, ովքեր այդ օրերին ստանում էին հոգեկան խանգարումներ կամ պարզապես ինֆարկտ ․․․Իր պարտադրմամբ մի քանի օրով լքեցի երկիրը, ամբողջությամբ կտրվեցի հայաստանյան իրականությունից , որը էական մեծ նշանակություն ունեացավ կյանք վերադառնալուս վրա:

Այս օրը հիմա ինձ համար դարձել է պայքարի օր, ամեն օրն է պայքարի օր, բայց այս օրը հիմա ինձ համար վերաիմաստավորելու օր է։ Թևաթափ անողներին մի կողմ եմ քշել, հուսահատ անողներին մի կողմ եմ քշել, քանի որ այդ ամենը տանում է Չպայքարի, իսկ չպայքարող մարդն արդեն պարտված է։ Պայքարում եմ ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե, որ Հայրենիքս, պետությունս մեկ վայրկյան առաջ հզորանա։ Ես մենակ չեմ այս գործում, հիմա նայում եմ շուրջս ու տեսնում, թե որքան գաղափարակից ընկերներ ունեմ, ովքեր հենց այդ գործին են լծված։ Այս գաղափարակից ընկերներիս համար Հայրենիքի մազաչափ հաջողությունը երջանկություն է, անհաջողությունը՝ կրկին պայքար: Այս օրը հիմա ինձ համար պայքարի օր է, հենց այս օրը պետք է ջնջենք թշնամու օրացույցից մեր միասնությամբ, նվիրումով, պայքարով ԼՈՒՅՍ տալով:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 941

Մեկնաբանություններ